"Ես պետք է զգամ, ինչպես է ծնվում աղջիկը, թարթում աչքերը, նայում ինձ, ու մենք սկսում ենք խոսել": Ավետիս Խաչատրյան



ՙԻրականում նրա կտավներում կա մի գաղտնի յուրահատկություն` լույս առանց ակունքի, լույս, որը գալիս է բոլոր կողմերից և ստանում է հոգևոր դիմագծեր՚,-2008թ. Վենետիկի Սան Վիդալ պատկերասրահում բացված անհատական ցուցահանդեսի ժամանակ այսպես մեկնաբանեց նրա գործերը նկարիչ, քննադատ-արվեստաբան Ջորջո Պիլլան:
    Նրա աշխատանքները վաղուց արդեն տեղ են գտել Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:
 Երիտասարդ այս գեղանկարիչը հստակ գիտակցում է իր ասելիքը, դրա կարևորությունը, և ունի իր ուրույն ՙձեռագիրը՚ գեղանկարչության բնագավառում:
   Խոսքս գեղանկարիչ, արվեստագետ Ավետիս Խաչատրյանի մասին է, ում հետ հանդիպելու նպատակս էր բացահայտել նրան` որպես մարդ, որպես անհատ, որպես նկարիչ, ինչպես որ նա է փորձում բացահայտել մարդկանց ու երևույթները` ապրեցնելով նրանց իր ներաշխարհում ու միաժամանակ իր կտավների մեջ:
-       Այս բոլոր կերպարներն ապրում են մեր միջավայրում, մեր կենցաղում: Իմ նկարչության մեջ կան իմ ընկերները, իմ երեխաները, իմ ծնողները, բոլոր մարդիկ ու երևույթները, որոնք ինչ որ կերպ ազդել են իմ ներաշխարհի վրա: Մարդիկ կան, որոնց հետ տարիներով կարող ես շփվել, բայց նրանցից ոչ մի տպավորություն չստանալ և լինում է հակառակը, մեկ անգամ ես տեսնում ու ազդեցությունն այնքան խորն է լինում, որ տարիներ հետո  հանդիպելով, անմիջապես հիշում ես:
-       Ինչպես, օրինակ, ՙՔիմիայի դասատուն՚:
-       Այո, երբ հիշում եմ դպրոցը, անմիջապես մեր քիմիայի դասատուն է գալիս աչքերիս առջև: Նա կերպար էր, մարդու յուրահատուկ տեսակ, հիմա էլ հիշում եմ նրա դեմքի միմիկաները, շարժումները, դաս պատմելը. այս ամենն այնպես է տպավորվել, որ տարիներ հետո էլ հիշել ու ստեղծել եմ նրա կերպարը: Արվեստում ես հոգեվիճակ եմ տեսնում. կարող ես կամ ապրել, կամ չապրել այդ հոգեվիճակը:
-       Եվ ամենուր ինչ-որ տխրություն ես պատկերում:
-       Այդ տխրությունը ես զգում եմ մարդկանց մեջ: Ամենաուրախ մարդն էլ իր հոգու ծածուկ անկյուններում ունի ինչ-որ թախիծ: Ու իմ կերպարներն ուզում են դուրս գալ այդ վիճակից: Նույնիսկ ուզենամ էլ կերպարը ժպտա, միևնույնն է, չի ստացվի, ինքս ինձ կխաբեմ, դա արհեստական կլինի, իսկ ես նկարում եմ այն, ինչ զգում եմ, ինչ թելադրում է տվյալ պահին իմ հոգեվիճակը: Արվեստն ինձ համար զգացողություն է:
-       Ավետիս, երաջնիկ պահերն էլ են ազդեցիկ լինում. այդ տեսակ ապրումներից է թերևս քո զավակների ծնունդը, մի՞թե քո ներաշխարհում ուրախ հոգեվիճակ չստեղծվեց:
-       Իհարկե, ուրախ պահեր էլ եմ նկարում. կտավ ունեմ, որտեղ երկու երեխա վիճում են խաղալիքի համար, ամեն մեկն իր կողմն է քաշում: Կամ երջանիկ ընտանիք եմ նկարել, որտեղ առաջնային է երեխայի կերպարը:
-       Կերպարները շատ են, որոնք թագ են կրում, ինչպե՞ս կմեկնաբանես դա:
-      Յուրաքանչյուր արվեստագետ, մտավորական քաղաքականությանը պետք է մասնակցի իր ստեղծած գործով: Չեմ ընդունում, երբ բանաստեղծը, նկարիչը կամ դերասանը գնում է միտինգի ու գոռալով է արտահայտում իր խոսքը: Այդ խոսքը նա պետք  է ասի իր ստեղծագործությունների միջոցով:
-       Ավետիս, դու հիմա մի թեմայի շուրջ ես աշխատում, որը վերնագրել ես ՙԵրիտասարդություն՚: Ի՞նչը քեզ դրդեց անդրադառնալ այդ թեմային:
-       Երիտասարդությունը լավ ժամանակաշրջան է. չես մտածում պարտականությունների մասին, ավելի շատ վայելում ես կյանքը: Ես հիմա երիտասարդության մայրամուտի շեմին եմ ու ավելի լավ եմ տեսնում երիտասարդի հոգեվիճակը: Պյոտր Ֆամենկոյի անվան թատրոնում ես հանդիպեցի աշխատողների, ովքեր, ճիշտ է, թատրոնի հետ առնչվում են միայն իրենց գործը` մաքրություն կամ բանվորական ինչ-որ աշխատանք կատարելու համար, բայց ավելի շատ գիտեն արվեստից, քան մեր երիտասարդ սերունդը, կամ թեկուզ որոշ ՙարվեստագետներ՚: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է ասելիք ունենա, որը գիրք կարդացողին, կտավ դիտողին, երաժշտություն լսողին պրիմիտիվ դաշտից գոնե մի կես մետր շարժի դեպի ավելի լուրջ դաշտ: Դհոլ նվագելու համար դհոլին հարվածելն ինքնին ոչինչ է, աղմուկ, որից մարդկանց մոտ միայն գլխացավ կառաջանա, իսկ երբ այդ հարվածներն այնպիսին են, որ երաժշտություն է ծնվում, դա արդեն մարդու մոտ մտածելու, զգալու, հիշելու, վերապրելու հնարավորություն է տալիս:
Արվեստագետն իր տեսակով պետք է պիտանի լինի հասարակությանը, ու այստեղ հարց է ծագում. ո՞վ է որոշողը: Տվյալ ժամանակի պահանջներին համապատասխան որևէ աշխատանքով, օրինակ սերիալի համար երգ գրելով, և այլն, հանդես գալը չէ, որ պիտանի է դարձնում ստեղծագործողին. խոսքս բարոյական, հոգևոր պիտանելիության մասին է:
-       Ճիշտ ես նկատում, հոգևոր ու բարոյական արժեքների շարքերում, որոնք իրականում պետք է սերմանեն գեղեցիկի, բարու, սիրո անկեղծության և այլնի գաղափարը, հայտնվել են այլ տիպի ՙգործեր՚: Հուսանք, որ ժամանակի ընթացքում արվեստի մնայուն գործը կգտնի իր տեղը, իսկ այդ հարյուր հազարավոր անարժեք ՙստեղծագործությունները՚ կգամվեն տվյալ ժամանակի մեջ` չունենալով ճանապարհ դեպի ապագա: Խոսեցինք պահանջվող ստեղծագործություններից, իսկ դու այդպիսիք նկարում ես:
-       Ոչ, դա իմը չէ: Եթե ինչ-որ դեպք, երևույթ ազդում է հոգեվիճակիս վրա, կարող եմ նկարել, իսկ եթե ասում են նկարիր սա, քանի որ պատվիրատուն դա է ուզում, չեմ կարող: Դա կլինի արհեստական, անհոգի, իսկ ես ապրում եմ իմ կտավներում, ես պետք է զգամ նրա (Կտավում պատկերվածի մասին է:-Ն.Ա.) սերը, ու նա էլ իմ սերն զգա, ես պետք է տամ անկեղծություն, ու ստանամ այն, եթե չկա այդ փոխադարձ հարմոնիան, ուրեմն մենք` ես ու իմ ստեղծածն իրար չենք հասկացել: Իսկ ես պետք է զգամ, ինչպես է ծնվում աղջիկը, թարթում աչքերը, նայում ինձ ու մենք սկսում ենք խոսել:
Կտավը պետք է խոսի քեզ հետ, եթե դու տալիս ես, տալիս ու չկա պատասխան, ուրեմն դու դա անում ես միայն վաճառելու համար. շատերն են այսօր այդպես նկարում. այդ դեպքում խոսք անգամ չի կարող լինել հոգու և զգացողությունների մասին:
-       Ես զգացի, որ ցավ ես ապրում, երբ ինչ-որ գնորդ ուզում է վճարել ու քո կտավը, քո ստեղծածը տանել իր հետ:
-       Իսկապես դժվարությամբ եմ բաժանվում իմ կտավներից, բայց համակերպվում եմ, քանի որ հասկանում եմ` նկարչի համար կարևոր է, որ իր կտավները գնան ու ապրեն այլ միջավայրում, այլ մարդկանց մեջ
    Ու մերթընդմերթ տիրող լռության մեջ Ավետիսի ձեռքի վրձինը սկսեց նկարել: Մեր զրույցը շարունակություն գտավ այն էմոցիոնալ, անկեղծ ու հուզական աշխարհում, որտեղ կամ ես, կաս դու և հենց ինքը` իր երևակայական ու հեքիաթային աշխարհում մեր կերպարները ստեղծող գեղանկարիչը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59