դեպի Պետերբուրգ



Երբ առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց լինել ՌԴ-ի ամենահրաշալի և գայթակղիչ քաղաքում` Սանկտ Պետերբուրգում, ես մոլորվեցի... 
 Այո, հենց այսպես. դուրս եկա տնից, ու երբ մի երկու քայլ հետո ողջ ուղեղս ընկղմվեց հոսող Նևայի ալիքների խորքերերը, երկար նայեցի շուրջս ու նկատեցի, որ մի տարօրինակ հարց` գունավոր քաղաքի բարևի հետ եկավ այն պատասխանի հետևից, որին ես չէի էլ սպասում. որտեղի՞ց սկսեմ, որպեսզի հասցնեմ տեսնել ամեն ինչ: Ուղեցույց, իհարկե, նախապես ձեռք էի բերել, բայց այդ բազմաբովանդակ, գունավոր, հեքիաթային քաղաքը լավ իմաստով “տակն ու վրա” անելու համար ուղեցույցը շատ քիչ էր:

 Մոլորվածիս, իհարկե, հաջողվեց տեսնել ու զննել ջրերի ու լույսերի թագուհուն, հմայվել ու սիրել նրա փայլը, շունչը, ընթացքը... Ու այսօր կարոտով վերապրելով լուսասփյուռ ու հավերժափայլ այդ քաղաքում անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը, սիրով կփորձեմ ձեզ փոխանցել պատմական, և ոչ պատմական տեղեկություններից, որ հասցրեցի իմանալ, այն բոլոր վառ երանգներից, այն ողջ լույսերից, որ ինձ հետ բերեցի Հայաստան:
  Ինչպես հուշում է պատմությունը, ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքը հիմնադրվել է Պետրոս Մեծի կողմից`1703թ., և նախապես ծառայել է որպես պատուհան դեպի Եվրոպա, իսկ արևմտյան երկրների համար` ելք դեպիռուսաստան:  
Սկսեմ այն վայրից, որտեղ գտնվում էր իմ ժամանակավոր կացարանը` Վասիլևյան կղզի:
Ինչպես գիտենք, Պետերբուրգը մի երիտասարդ քաղաք է Նևա գետի վրա, և ունի մեծ ու փոքր շատ կղզիներ, որոնք էլ, կամուրջներով միանում և ստեղծում են այս հրաշք քաղաքի գեղեցկությունը:
Այդ կղզիներից ամենամեծը Վասիլեվյան կղզին է: Նրա արևելյան մասը, որն ասես նավի քիթ լինի, ստացել է Ստրելկա (Սլաք) անունը, որտեղից էլ կղզին իրեն փաթաթված գետը բաժանում է Մեծ և Փոքր նևաների: Այս հատվածը կղզու թերևս ամենագեղեցիկ և կարևոր վայրերից է:
19-րդ դարի սկզբում հենց այստեղ է ձևավորվում Վասիլևյան կղզու սլաքը` Բիրժայի հիասքանչ շենքով և Ռոստրալական(rostrum- նավի քիթ) սյուներով, որը համարվում է  կլասիցիզմի դարաշրջանի քաղաքաշինության արվեստի համաշխարհային գլուխգործոց:
Չմոռանամ ասել, որ հարսանիքի օրը բոլոր նորապսակները հենց այստեղ են գալիս, որպեսզի սպանեն չար աչքը: Ինչպե՞ս են պետերբուրգցիներն անում դա. հարսն ու փեսան շամպայն են խմում ու դատարկ բաժակները կոտրում կղզու այդ հատվածում գտնվող քարե կլոր արձանի վրա:
Բացի այս, Վասիլևյան կղզում ապրողները մի բան ևս լավ են հիշում. պետք է տուն վերադառնալ 24:00-ից ոչ ուշ, քանզի  կեսգիշերն անց բացվում են կղզին քաղաքի կենտրոնի և մյուս կղզիների հետ կապող բոլոր 4 կամուրջներն ու ... ուշացողը մինչև լույս մնում է գետի մյուս ափին, քանի որ այդ ժամին դադարում է աշխատել նաև անդրգետնային տրանսպորտը:

Պատմական տեղեկություն- 1703 թվ. մայիսի 16(27)-ին Պետրոս 1-ի հրամանով Նևա գետի հյուսիսային ափին հիմնադրվել է ՙՍանկտ- Պիտեր- Բուրխ՚ ամրոցը` Սուրբ Պետրոսի քաղաքը:
Ամրոցը հանդիսանում է Ռուսական կայսրության ապագա մայրաքաղաքի կորիզը և տալիս է նրան իր անունը- Սանկտ Պետերբուրգ:
Պետրոս և Պավել սուրբ առաքյալների պատվին միջնաբերդի տարածքում գտնվող մայր տաճարն անվանվել է Պետրոպավլովյան: Այն համարվում է հյուսիսային մայրաքաղաքի հնագույն սրբություններից մեկը և մինչև օրս հանդիսանում է Պետերբուրգի ամենաբարձր ճարտարապետական կառույցը (122,5մ.):
Հետագայում այս անվամբ է կոչվել նաև ամրոցը, որն էլ դարձել է
կայսերական Ռուսաստանի գլխավոր քաղաքական բանտը:
Ճակատագրի ողբերգական խաղով այս բանտի առաջին գերիներից մեկը դարձել է հենց Պետրոս 1-ի որդին` Ալեքսեյը, ով համարձակվել էր հակառակվել հոր առաջադրած ռեֆորմներին:
Հիշեցնեմ որ, Պետրոպավլովյան ամրոցի տարածքում թանգարանային կյանքը սկսվել է 1920-ական թթ.: Այստեղ հիմա տեղակայված են Պետերբուրգի պատմության թանգարանի տարբեր մասնաշենքերը:
Ամենաբարձր շինության` Պետրոպավլովյան տաճարի մասին ասեմ միայն այն, որ ներս մտնելիս թվում է, թե դա համերգային սրահ է, քանի որ և առաստաղը, և բեմի ծածկը փայլում են ոսկյա շքեղությամբ, ու այդ ամբողջ հոյակերտ տաճարն իր փայլով, նկարներով, սրբապատկերներով այնպես է գրավում ներս մտնող յուրաքանչյուր մարդու, որ միանգամից աներևակայելի ցանկություն է առաջանում կանգնել ու անթարթ հայացքով հիանալ այդ սահմանափակ բարձրություն ունեցող տաճարի անսահման գեղեցկությամբ
Սիրելի ընթերցող, քանի որ ես շատ եմ ուզում փոխանցել ձեզ այն լավ տրամադրությունը, այն վառ ու քնքուշ տպավորությունները, որ ես եմ ստացել այդ հրաշք քաղաքում, անընդհատ ուզում եմ պատմել այն ամենի մասին, ինչ տեսել եմ:
Հիմա մի կարճ ուղևորություն կատարենք չքնաղ քաղաքի ամենակարևոր ու գլխավոր պողոտայով.
 Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են Պիտերում, կռահեցին, այո,
Նևսկի պողոտա. ահա այսպես է կոչվում Պետերբուրի գլխավոր մայրուղին: Այս պողոտայում և նրան հարող տարածքում են գտնվում քաղաքի կարևորոգույն թանգարանները և գրադարանները, թատրոնները և համերգային դահլիճները, խանութները և բանկերը, հյուրանոցներն ու ռեստորանները...
Բայց ես սկսեմ Նևսկի 40-42 հասցեից, որտեղ գտնվում է Սուրբ Կատարինե Հայոց եկեղեցին:
Երբ 18-րդ դարի կեսերին Ռուսաստանում բնակություն է հաստատում Լազարյանների ընտանիքը, նրա ավագ որդին` Հովհաննես Լազարևը (1735-1801) Մոսկվայից տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ էլ մեծ ճանաչման է հասնում և հեղինակություն վայելում ցարական արքունիքում: Դառնալով հայ համայնքի ղեկավար` նա հայտնի այլ մարդկանց հետ ձեռնարկում է եկեղեցի կառուցելու Աստվածահաճո գործը:
1771թ. հայ համայնքի միջոցներով սկսվում է եկեղեցու շինարարությունը, որի նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Յուրի Ֆելտենն էր:
Ութ տարի անց Նևսկի պողոտայում վեր է հառնվում սլացիկ ու շքեղ տաճարը` կապույտ ու սպիտակ վսեմաշուք տեսքով միագմբեթ հայ եկեղեցին, որին պետերբուրգցիներն անվանում են “երկնագույն մարգարիտ”:
Ըստ որոշ վկայությունների, Սբ. Կատարինե եկեղեցի է հաճախել անգամ Եկատերինա II կայսրուհին և գոհաբանական աղոթք պատվիրել:
Իսկ ահա 20-րդ դարի սկզբում եկեղեցին փակվում է և գրեթե 70 տարի անցնում ձեռքից ձեռք` դառնալով այլ նպատակների համար օգտագործվող վայր:
Բայց ինչպես գիտենք, հայ ժողովուրդը ունի հոգևոր խորը նկարագիր, և ապրելով հողագնդի ցանկացած մասում, նա ջանում է ստեղծել իր եկեղեցին, իր դպրոցը, իր մշակույթի կենտրոնը: Այս ամենին էին ձգտում նաև Պետերբուրգի հայերը, և նրանք հասան դրան.1992թ. եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին, ու այդ օրից ի վեր հույսի, հավատի ու սիրո այս հիասքանչ տաճարի դռները բաց են բոլորի համար:
Այս բարի և ազգանվեր գործին հաջորդեց ևս մեկը. 1995թ. հայ համայնքի շնորհիվ մեզ հարազատ հասցեում բացվեց նաև Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնը: Այստեղ հաճախում են 7-15 տարեկան երեխաներ, ստանում մայրենի լեզվի, հայոց պատմության և հայրենի մշակույթի դասեր: Կենտրոնը ունի նաև հարուստ գրադարան, պարի և երգի խմբակներ:

2 комментария:

  1. վերապրեցի պետերբուրգյան հրաշք օրերը: շնորհակալ եմ այսպիսի ջերմ ու դրական նյութի համար: կարոտեցի Պիտերը...

    ОтветитьУдалить
  2. Խնդրեմ, Իրինա ջան, ես էլ ամեն անգամ նկարները նայելիս մտածում եմ, թե երբ եմ նորից լինելու այս հրաշալի քաղաքում... :))

    ОтветитьУдалить

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59