Ռուբեն Զարյան "Գրադարանս", հատված “Մայրամուտից առաջ” գրքից



    Ես չէի անի գրադարանիս պատմությունը և հարկ չէի համարի պատմել, թե ո՞րն է եղել գրադարանիս անդրանիկ գիրքը, եթե հանկարծ չպարզվեր, որ դա թանգարանային արժեք է:
    Մինչև «Պեպոն» ունեցել եմ մի տասը գիրք, այդ թվում և այն, որ Գոտենբերգն էր նվիրել, բայց ինչ եղան այդ գրքերը, ով տարավ ու չբերեց, միտս չէ, թեև ինձ համար սիրելի էին դրանք, ինչպես մորիցս լսած իմ առաջին հեքիաթները:
    Ախալքալակում եղածս տարին` 1925-ին, Նալբանդենց Մկոն ինձ որպես «Պեպո» ներկայացման հուշարարի, հանձնեց Սունդուկյանի պիեսի 1876-ի հրատարակությունը: Ներկայացումը, ինչպես արդեն ասել եմ, չկայացավ: Իսկ Մկոյի տված գիրքը մնաց ինձ մոտ: Մի երկու անգամ մտադրվեցի վերադարձնել, չեմ հիշում, թե ինչը խանգարեց, չտարա: Ուրիշի գիրքը սեփականելու մտադրություն չունեի: Ո՜չ ուրիշից եմ գիրք վերցրել ու “մոռացել” վերադարձնել, ո՜չ էլ ներողամիտ եմ եղել, երբ իմ գիրքն են տարել ու ետ չեն բերել: Բայց այս անգամ այդպես եղավ:
    Տեղափոխվեցի Երևան` համալսարանում սովորելու ու ինձ հետ իմ “գրադարանը” ուրիշ գրքերի հետ նաև “Պեպոն”: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, հինգ- տաս տարին մեկ գրադարանս վերանայում եմ ու ինչ որ գրքերից բեռնաթափում: Երբ գրադարանս բեռնաթափելու պահանջն առաջին անգամ համակեց ինձ, “Պեպոն” ձեռքս առա: Երևանում գնել էի Գաբրիել Սունդուկյանի երկերի միհատորյակը, որ նոր էր լույս տեսել: Ուրեմն` “Պեպոյի” առանձին հրատարակությունը պահելու հարկ չկար ու մտադիր էի նվիրել համալսարանական ընկերներիցս մեկնումեկին: Այդպես էլ կանեի, եթե մի պատահմունք դեր չխաղար:
   Կարիքավոր ուսանողներից էի: Ապրում էի մեծ քրոջս` Սիրուշի մոտ: Դժվար տարիներ էին: Ստիպված էի ծախել գրքերիս մի մասը, գրադարանիս համարյա կեսը: Չգիտեի ո՞ր գրքերը ծախել, կարդացա՞ծը, թե չկարդացածը: Ծանր ու թեթև արի և վճռեցի` կարդացածը վաճառել, չկարդացածը պահել` հետո կարդալու համար: Տրամաբանական որոշում: Բաժանեցի կարդացածս ու չկարդացածս իրարից: “Պեպոն” կարդացածների մեջ էր: Սակայն, զարմանալի բան, ինքս էլ չհասկացա, որ տարա չկարդացածսգրքերը: Երևի ընթերցվածներն իմն էին, այլևս անբաժանելի ինձանից:

     Նկատել էի, որ “Պեպոյի” տիտղոսաթերթի վրա ինչ-որ բան է գրված: Բայց որովհետև խզբզածի տպավորություն էր թողել, կարևորություն չէի տվել, նույնիսկ կարդալու փորձ չէի արել: Ինչ իմանայի, որ գրողը հենց ինքը` Սունդուկյանն է եղել. “Պեպո ջան, լոթիանա խնդրում եմ քիզ, որ էս քու սիրեկան Պեպոյին ձեռնեդ չթողնիս. նրա դաղած սիրտը թե ուրիշը չէ հասկանում, դուն խոմ լավ իս իմանում: Քու ախպեր ու հեր Գաբրիել”:
      Չհավատացի աչքերիս, նորից կարդացի, մի անգամ էլ: Շտապեցի գրական թանգարան, խնդրեցի տալ ինձ թատերական որևէ ձեռագիր: Ոչ մի կասկած` Սունդուկյանի ձեռքն է:
    Այդպես պարզվեց, որ ինձ վիճակված գիրքն ի՛նչ արժեք է ներկայացնում:
     Ո՞ւմ է նվիրված գիրքը: Ո՞վ է Պեպոն: Այդ անունով ծանո՞թ, թե ուրիշը այնքան կապված պիեսի հետ, որ հեղինակը նույնացրել է իր բարեկամին և պիեսի գլխավոր հերոսին: Այդպիսի մարդ Սունդուկյանի կյանքում որքան գիտեի միայն Գևորգ Չմշկյանն է եղել: Չմշկյանը Պեպոյի անդրանիկ դերակատարն էր: Գրվածքին թատերագրի իսկ խոստովանությամբ շունչ ու կենդանություն է տվել, ավելին` գերազանցել է իր ստեղծածը: Վերջապես, տարիներ անց, թատերագիրը խոստովանել է նրան. “Եթե դու չլինեիր, գուցեև Պեպոն էլ չլիներ”:
     1891 –ի հունվարի 30-ին, երևի մի գեղեցիկ երեկո, երախտագետ հիշողությունը ալեզարդ թատերագրին տարել է Պեպոյի առաջին դերակատարի տուն: Կամ գուցե հակառակը` դերասանն է այցելել գրողին, ու նրանք մտաբերել են իրենց երիտասարդությունը, հիշել են 60-70- ական թվականները և Սունդուկյանը պիեսի այս օրինակը մակագրել ու նվիրել է արտիստին:


   Ուրեմն` այսպես, դեպքերի բախտավոր բերումով, ինձ հասած այդ գիրքն ուղիղ հիսուն տարի է, որ պահվում է հազվագյուտ գրքերիս կողքին: Միշտ էլ մտածել եմ, որ դրա տեղը թանգարանում է: Բայց ամեն անգամ, երբ ձեռքս եմ առել գիրքը, որ տանեմ, աչքիս է եկել 1925 թվականը, ռոմանտիկ այն պատանին, որ իր հասակակից տղաների ու աղջիկների գլուխն անցած, իրեն երևակայելով մի մեծ գործի ղեկավար, Ջավախքի մի գյուղից մյուսն է անցել, միամիտ համոզումով, թե իրենց ներկայացումը հոգիներ է բոցավառելու: Ու այսպես մտածելով` գիրքը կրկին գրապահարանս եմ դրել: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մարդ սիրում է իր կյանքի լավ վկայություններն աչքի առջև ունենալ: 

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59