ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր` հունիսի 21-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ-ում իր գործընկեր դեսպանությունների հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա փառատոնի շրջանակներում կայանալիք համագործակցությունը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պրն. Ջոն Ա. Հեֆերնը, ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ պրն. Ֆաբիեն Ներան, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին, ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտինը և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար տկն. Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակից են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Մասնավորաբար, ծրագրի որոշ մասը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:
Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը, անխոս, լեգենդար շանսոնիեի` Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակել դաշնակահարի վրա, Դընիս դը լա Պատելյիեի Թոբրուկ գնացող տաքսին և Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում: 
Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր դարձավ ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին: Մասնավորաբար, որպես ժյուրիի կազմի անդամ ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ):  Ֆրանսիական արտադրության Երկու հոգու միջև վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված Տարվա հինգերորդ եղանակը խաղարկայինը, Լևիաթան վավերագրականը, Փետուրի խրոնիկա կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի Կորած հորիզոնները և Արտո Փեհլիվանյանի Վ…, այսինքն` Վեռնյոյ ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:
Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի Սև հինգշաբթի խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր Լուսանկարը ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի Թո՚ւհ (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի The Big Leap և Լուկաշ Օստալսկու Մայրը կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի Հաննա Արենդտ  (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի Dva, Էրիկ Շմիդթի Rhino Full Throttle, Էլմար Իմանովի  The Swing of the Coffin Maker գերմանական արտադրության և Էնգին Կունդակի Արարատ թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու Աղջիկը Գորիից գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:
Կարևոր է նշել, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:
Կարևոր է նշել, որ ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ը հիմնադրվել է 2009թ. «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և թուրքական Անադոլու Քյուլթուր (Anadolu Kultur) կազմակերպության համատեղ ջանքերով: ՀՊՖՆ-ը միտված է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ ֆիլմերի ստեղծման խթանմանը և երկու երկրների կինոգործիչների համար ստեղծագործելու յուրահատուկ հարթակ է: ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ և վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց,  թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ: Հարկ է նշել նաև, որ նախագծի կարևորությունն էականորեն ընդգծվեց անցյալ տարի, երբ ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբինը տարածաշրջանային այցից հետո Սենատում կատարված իր հաշվետվությունում խոսեց ՀՊՖՆ-ի նախաձեռնությունների` միջսահմանային հարաբերություններում ունեցած դերի և կարևորության մասին:

ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ՚Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում:   Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի Արյունակից եղբայրը վավերագրականը, Լիսան Սարտորի Six Letter Word կարճամետրաժը և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու All Together Now  խաղարկայինը` բոլորն ամերիկյան արտադրության: 


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59